«Թուրքի շների» ժամանակը

Որքան էլ, որ զարմանալի թվա, բայց ռուս-ուկրաինական հակամարտությունը հակառուսական մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում։ Ակնհայտ երևում է, որ հակառուսականության ալիքը արհետականորեն է բարձրացվում և այն արվում է բոլոր այն գործիչների կողմից, որոնք վճարվում են արևմուտքի տարբեր ծրագրերի շրջանակում։

Այս մարդիկ հայաստանցիներին համոզում են, որ Ուկրաինան հանուն Հայաստանի է պայքարում և Ռուսաստանի այդ հակամարտությունում պարտվելը ծայրահեղ անհրաժեշտություն է մեր լավ ապրելու համար։ Պնդումն իհարկե ցնորք է, բայց կիսագրագետ խավի շրջանակում բավական տարածում է գտել։

Հակառուսականությունն այնքան է թունավոր նստվածք առաջացրել ոմանց մոտ, որ չնկատելու են տալիս  առաջադեմ համարվող ուկրաինացիների պրոթուրքականությունն ու հակահայկականությունը։ Հայ արևմտամետների համար անբեկանելի հեղինակություն ուկրաինացի քարոզիչ Գարդոնն օրինակ օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի եթերում հայտարարել է, որ հիացած է 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի գործողություններով։ Ոչ մի ուկրաինացի գործիչ չի հակադարձել Գարդոնին ու Արցախին պաշտպանող դիրքորոշում չի արտահայտել։

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում փսիխոզի վերածված հակառուսակնությունը հիշեցրեց «լուսահոգի» հակառուս Լևոն Շիրինյանի կյանքի փիլիսոփայությունը։ Նա նախորդ տարի հայտարարել էր, որ «հայը ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ» (օտար պետություն ասելով նկատի ուներ Ռուսաստան)։

Հիմա կարծեք Շիրինյանից բացի շատերն են այս փիլիսոփայության կրողը դարձել ու պատրաստ են «թուրքի շուն» լինել, ուրանալ Արցախը, Հայաստանը միայն թե Ռուսաստանը փլվի և իրենք այս անգամ էլ  այդ փլատակների տակ մնացած Հայաստանը տեսնեն թուրքերի գրկում։