Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի քվեարկությամբ, Միքայել Մինասյանի հովանու ներքո ՄԻՊ դարձած Արման Թաթոյանը երեկ դժգոհում էր նախկին նախագահներից և պահանջում էր Քոչարյանի հրաժարականը, որպեսզի ինքը՝ իր 1 տոկոս հանրային վստահությամբ, հեռացնի Նիկոլ Փաշինյանին։
Միամիտ մարդկանց մոտ կարող է ստեղծվել տպավորություն, թե այս երիտասարդը իրականում ցանկանում է, և որ ամենակարևորն է՝ կարող է հեռացնել Փաշինյանին, բայց չար ու նենգ մարդիկ դա թույլ չեն տալիս։ Իրականությունն այն է, որ երբ եղել է իրական հնարավորություն՝ Փաշինյանի հեռացման գործընթացին մասնակցելու, այս մարդը դիրքը թողել ու փախել է։
2024 թվականին «Սրբազան պայքարի» դեպի Երևան քայլարշավի օրերին այս երիտասարդը հանդիպում է Բագրատ Սրբազանի և այլ ուժերի հետ և խնդրում է, որպեսզի իրեն դիտարկեն որպես վարչապետի միասնական թեկնածու։ Բագրատ Սրբազանը համաձայնում է, համոզում է նաև շարժմանը մասնակցող այլ ուժերին, որպեսզի Թաթոյանը դառնա ժամանակավոր վարչապետի թեկնածու։
Սակայն Թաթոյանը, ստանալով շարժման առաջնորդների համաձայնությունը, խուսափում է հենց սկզբից միանալ քայլարշավին։ Երբ շարժումը հասնում է Երևան, Թաթոյանը, տեսնելով մարդկանց բազմությունը, շտապում է միանալ Բագրատ Սրբազանին և այդ ընթացքում խոստանում է, որ պատրաստ է պայքարի։ Հաջորդ օրը, սակայն, Թաթոյանը հրաժարվում է առաջադրվելուց։
Ականատեսները նշում են, որ այդ թեմայի շուրջ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը շատ կոպիտ է խոսել Թաթոյանի հետ․ «Դու վախկոտ ես, տղամարդու խոսք չունես», — ասել է Բագրատ Սրբազանը և հրաժեշտ տվել նրան։
Այդ օրերին համառ լուրեր էին շրջանառվում, որ Թաթոյանի գործողությունները համակարգում է Միքայել Մինասյանը։
Փորձեցինք օրվա ընթացքում թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արման Թաթոյանից, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան։



