Թուրքական ընկերությունը ռազմաօդային գործողութ...

Թուրքական Havelsan ընկերությունը Ռազմաօդային ուժերի տեղեկատվական հրամանատարման և ղեկավարման համակարգի շրջանակում մշակված մի շարք կարևորագույն հնարավորություններ է փոխանցել Ադրբեջանին, հայտնում է Asian Military Review-ն։

Համակարգը մշակվել է ինտեգրված թվային միջավայրում օդային գործողությունների պլանավորմանը, իրականացմանը, մոնիտորինգին և գնահատմանն աջակցելու համար և ապահովում է օդային գործողությունների ավելի արդյունավետ կառավարում։

Ներդրված հնարավորությունները թույլ են տալիս օպերատիվ շտաբի անձնակազմին գործել միասնական օպերատիվ պատկերի շրջանակում, իրական ժամանակի ռեժիմում կառավարել առաջադրանքների և գործողությունների վերաբերյալ տվյալները, կենտրոնացված կարգով հետևել կրիտիկական նշանակություն ունեցող տեղեկատվությանը և արագացնել որոշումների կայացման գործընթացները։ Միասնական թվային ճարտարապետության մեջ հրամանատարման և ղեկավարման ֆունկցիաների ինտեգրումը նշանակալիորեն բարձրացնում է առաջադրանքների պլանավորման, կոորդինացման և օպերատիվ կատարման արագությունը, ճշգրտությունն ու արդյունավետությունը։

Այս լուծումը կարևոր հանգրվան է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում։