«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կրկ...

«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին (WCC)՝ ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 24-ին հրապարակված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող զեկույցի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան էջից:

«Որպես ՀՀ քաղաքացիներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խոր մտահոգություն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնական կյանքին և գործունեությանը պետական միջամտության խորացող դրսևորումների առնչությամբ։

Հակասահմանադրական, հակականոնական և ապօրինի այս զեկույցով` օրվա իշխանությունը շարունակում է միջամտել Եկեղեցու ներքին կյանքին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի դարավոր հիմնասյուներից է և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի լիիրավ անդամ։ Հետևաբար, Եկեղեցի–պետություն հարաբերություններում անհրաժեշտ է հստակորեն տարանջատել պետության սահմանադրական լիազորությունները եկեղեցու ինքնավար ներքին կյանքից։

«ՀԱՅԱՔՎԵ»-ն հատկապես մտահոգված է, որ իշխանության կողմից շարունակվող հետապնդումը խորացնում է հասարակության պառակտումը և վնասում ազգային համերաշխությանն ու հաշտեցման հնարավորություններին։

Ըստ այդմ, «ՀԱՅԱՔՎԵ»-ն դիմում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կոչ անելով.

հետևել Հայաստանում կրոնական ազատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ զարգացումներին, վերահաստատել եկեղեցական ներքին կյանքի՝ քաղաքական անհարկի միջամտությունից զերծ մնալու սկզբունքը, խրախուսել պետության կողմից Եկեղեցու հանդեպ հարգանքը, նպաստել հոգևորականության և կրոնական հաստատությունների վերաբերյալ հանրային խոսքի զսպվածությանը, և իր էկումենիկ առաքելության շրջանակում` աջակցել կրոնական ազատության, Եկեղեցու ինքնավարության, արժանապատվության և հասարակական խաղաղության պահպանմանը Հայաստանում»,- նշված է հայտարարության մեջ։