ԱՄՆ-ի արհեստական բանականության մշակման առաջատար ընկերությունների ղեկավարները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել, որով կամավոր պարտավորություններ են ստանձնել՝ ուժեղացնելու առաջատար ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունն ու անվտանգության մեխանիզմները։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Hill պարբերականը։
«Սպիտակ տան համաձայնագիր՝ առաջատար գերբանականության պատասխանատվությունների վերաբերյալ համատեղ պարտավորությունների մասին» փաստաթղթի ստորագրման մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։
Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ, այդ թվում՝ Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI ընկերության նախագահ Գրեգ Բրոքմանը, Anthropic ընկերության գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը, Google ընկերության գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և xAI ընկերության ղեկավար Իլոն Մասկը։
Մայք Ջոնսոնի խոսքով՝ փաստաթուղթն արհեստական բանականություն մշակող ընկերությունների համար սահմանում է մի շարք կամավոր պարտավորություններ։
Թրամփը համաձայնագիրը բնութագրել է որպես «գրեթե սահմանադրություն» և «բարոյապես պարտավորեցնող» փաստաթուղթ՝ նշելով, որ այն ներառում է ոլորտի ինքնակարգավորման տարրեր։ Նա նաև հայտնել է, որ դիտարկվում է հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, որը կարող է վերահսկել ամբողջ համակարգի աշխատանքը։
Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ համաձայնագրի հիմնական նպատակներից մեկը ամերիկացիներին և ընկերությունների հաճախորդներին վստահություն ներշնչելն է, որ տեխնոլոգիան գործում է այնպես, ինչպես նախատեսված է։ Նրա խոսքով՝ ընկերությունները պարտավորվում են ստեղծել ներքին վերահսկողության և հնարավոր խախտումների հայտնաբերման հուսալի համակարգեր։ Նախատեսվում է նաև վերահսկողության և աուդիտի մի քանի մակարդակ։
Համաձայնագիրը ստորագրվել է ԱԲ ոլորտում անվտանգության վերաբերյալ մտահոգությունների աճի պայմաններում։ Վերջին ամիսներին մասնագետները ուշադրություն են հրավիրում ԱԲ գործակալների հնարավոր չարաշահման, այդ թվում՝ կիբերհարձակումներում դրանց օգտագործման, ինչպես նաև ավելի հզոր արհեստական բանականության համակարգերի զարգացման հետ կապված անվտանգության ռիսկերի վրա։



