ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի ավարտը։ «[Սա] այն բաներից մեկն է, որ ես ուզում եմ արագ անել, և նախագահ Պուտինն ասաց, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Այնպես որ, մենք կսպասենք սրան, մենք պետք է վերջ տանք այս պատերազմին»,- ասել է Թրամփը Turning Point USA կոնֆերանսում։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմում արդեն միլիոնավոր զինվորականներ են զոհվել», և դա երբեք չէր լինի, եթե ինքը լիներ նախագահ։ «Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում, կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում: Եվ ես խոստանում եմ, որ թույլ չեմ տա երրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք շատ մոտ ենք Երրորդ համաշխարհային պատերազմին»,- ասել է Թրամփը։
Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ «Չգիտեմ՝ երբ կհանդիպենք։ Չորս տարուց ավելի է, ինչ նրա հետ ընդհանրապես չեմ խոսել: Ես պատրաստ եմ դրան»,- ասել է նա դեկտեմբերի 19-ին ուղիղ գծի ժամանակ։ Պուտինը նաև հավելել է, որ պատրաստ է Կիևի հետ բանակցությունների և փոխզիջումների։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման «իրական ազդակներ» դեռ չկան։



