ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Բեդմինտոնի իր գոլֆի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դեմ է արտահայտվել փոխնախագահ Քամալա Հարիսի գների վերահսկման առաջարկներին՝ դրանք անվանելով «Մադուրոյի ծրագիր», արժեզրկման նվազեցման մասին օրենքը նա կոչել է «խարդախություն» և մեջբերել ամեն ինչում արժեզրկման տվյալները՝ սկսած մանկական սննդից մինչև փաթիլների գները, գրում է Politico-ն։
Գրեթե 90 րոպեանոց ելույթի կեսից Թրամփը կրկին շեղվել է թեմայից՝ հայտարարելով, որ Հարիսը կոմունիստ է, և պարծեցել տեխնոլոգիական մագնատ Իլոն Մասկի հետ X հարթակում զրույցի ժամանակ լսարանի մեծությամբ:
Խոսելով իր մրցակցի՝ դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսի մասին, նա կրկին անդրադարձել է նրա անձին․ այս մարտավարության կիրառումից նախազգուշացրել էին նրա բարձրաստիճան դաշնակիցները։ Իսկ երբ նրան հարցրել են հարձակումները մեղմելու կոչերի մասին, նա ասել է, որ մտադիր չէ դրանք դադարեցնել մոտ ապագայում, գրել է պարբերականը։
«Կարծում եմ, որ իրավունք ունեմ անձնական հարձակումների։ Ես առանձնապես չեմ հարգում նրան»,- ասել է Թրամփը։
Թրամփն, առանց բացատրություն տալու, հավելել է, որ «շատ զայրացած է նրա վրա՝ արդարադատության համակարգը իմ դեմ օգտագործելու համար»։
«Նրանք ցանկանում են, որ ես սիրալիր լինեմ: Բայց նրանք ինձ չեն սիրաշահում: Նրանք ուզում են ինձ բանտ նստեցնել»,- ասել է Թրամփը։