
Թեհրանում կարծում են, որ Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները:Այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Եթե նման գործընթացը կայանա, ապա Օմանը կլինի նման բանակցություններ վարելու հիմնական թեկնածուն», - Բաղայիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Միևնույն ժամանակ նա հերքել է այն հաղորդագրությունները, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև արդեն մեկնարկել են անուղղակի բանակցությունները։ Նա նշել է, որ բանակցային հանձնաժողովի ձևավորման մասին տեղեկությունները հերյուրանքներ են:
Բաղային հիշեցրել է, որ Թեհրանն ավելի վաղ պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին և այժմ սպասում է ամերիկյան կողմի արձագանքին։
Ավելի վաղ տարածաշրջանային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Օմանն արդեն դարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի, ոչ հրապարակային բանակցությունների վայր:
Ապրիլի 6-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին այն պայմանով, որ իր դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անիմաստ են, քանի որ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ։ Արաղչին վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը միջնորդավորված բանակցությունների։
Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել և համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։
Ապրիլի սկզբին Axios լրատվական հարթակը, հղում անելով աղբյուրների, տեղեկացրել էր, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու Իրանի առաջարկը: