Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է սպասենք, թե ինչպես կձևակերպի ամերիկյան նոր վարչակազմն իր քաղաքականությունը և կիրականացնի այն, իսկ հետո մենք կձևակերպենք մեր քաղաքականությունը», – ասել է Արաղչին՝ Թրամփի նախագահական 2-րդ ժամկետում Իրանի մտադրության մասին հարցին ի պատասխան։
2018-ին Թրամփը ԱՄՆ-ը դուրս բերեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը 2015-ին Իրանի հետ ստորագրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակի և Գերմանիայի կողմից՝ միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
2021 թ.-ի ապրիլից Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան բանակցություններ են վարում Իրանի հետ՝ վերականգնելու գործարքը։
Ի պատասխան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանի խորհրդարանը 2020 թ.-ին ընդունել է «Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողությունների մասին» օրենքը։ Դրան համապատասխան՝ Թեհրանը կրճատել է միջուկային համաձայնագրով նախատեսված մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ դադարեցրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումները։