
Փաստերն ու իրողությունները վկայում են, որ հայ-վրացական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի և օրինակելի բարեկամության հիմքի վրա։ Երկու երկրների համագործակցությունն ընդլայնվում է բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև պաշտպանություն, մշակույթ և մարդկանց միջև կապեր։
Այդ կարծիքը «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ տեսակապի միջոցով հայտնեց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Նա հիշեցրեց, որ սա երկրորդ նմանատիպ միջոցառումն է, որտեղ կարծիքներ են փոխանակվում երկու ժողովուրդների միջև հարաբերությունների վերաբերյալ։
«Վերջին տարիներին մենք ձեռնարկել ենք կոնկրետ քայլեր, որոնք մեզ ակտիվ համագործակցությունից տեղափոխել են ռազմավարական գործընկերության մակարդակ: Մենք ունենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության և փոխադարձ աջակցության ամենաբարձր մակարդակը: Մի շարք առումներով իրականացվում են կոնկրետ ռազմավարությունից բխող չափելի ու շոշափելի գործողություններ, որոնք մեր գործընկերությունը տանում են դեպի ընդհանուր առաջնորդություն»,- ասաց Դարսալիան:
Նրա հավաստմամբ՝ իրականացվում է շարժուն գլոբալ և տարածաշրջանային դիվանագիտություն, որը պահանջում է պատասխանատու վարքագիծ, հետևաբար վրացական կողմը հավատում է, որ մեր տարածաշրջանի ապագան կարող է կառուցվել համագործակցության, չեզոքության և շահերի համադրության վրա։
«Վրաստանը միշտ էլ վճռականորեն հանձնառու է եղել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման գործում։ Մեր ընդգրկուն տարածաշրջանում աճող անորոշությունների լույսի ներքո Հարավային Կովկասի երկրները ցույց են տվել, որ երկխոսությունն ու համագործակցությունը ոչ միայն հնարավոր են, այլև անհրաժեշտ»,- հավելեց Վրաստանի փոխարտգործնախարարը։
Դարսալիան վկայակոչեց Հարավային Կովկասի երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցած տարածաշրջանային պատմական հանդիպումը (խմբ. Թբիլիսիում ապրիլի 17-ին կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխնախարարներ Վահան Կոստանյանի, Լաշա Դարսալիայի և Էլնուր Մամեդովի հանդիպումը), որը, նրա բնորոշմամբ, ոչ միայն խորհրդանշական էր, այլև հստակ քաղաքական ուղերձ էր պարունակում այն մասին, որ նույնիսկ ցանկացած տարածաշրջանային բարդությունների և գլոբալ մարտահրավերների պայմաններում Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կարող են միավորվել և ուսումնասիրել համագործակցության ոլորտները։
Դարսալիայի պնդմամբ՝ այդ հանդիպումը հզոր ազդանշան ուղարկեց ամբողջ միջազգային հանրությանը, որ Հարավային Կովկասը մի այնպիսի տարածաշրջան է, որը կարող է երկխոսության, պատասխանատու հանդիպումների և ապագային նայող վայր լինել։
«Մենք անհամբեր սպասում ենք նմանօրինակ հանդիպումների շարունակությանը և մոտ ապագայում այդ ձևաչափով շոշափելի արդյունքների հասնելուն»,- ասել է Դարսալիան։
Նա հավելել է՝ թեև Հայաստանն ու Վրաստանն աշխատում են քաղաքական երկխոսության միջոցով երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, այդուհանդերձ, մարդկային կապերն ու մշակութային փոխանակումներն են, որ կայուն հիմք են հանդիսանում դրանց համար: Մշակույթը և մարդկանց միջև շփումները նույնքան հզոր են Թբիլիսիի բնակիչների համար: Վերջերս Հայաստանում անցկացվեցին Վրաստանի մշակույթի օրեր, որոնք մեր ժողովուրդներին ավելի կմերձեցնեն:Մենք անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարի ողջունելու Հայաստանի մշակութային օրերը Վրաստանում, որը գլխավոր գանձերից մեկն է մեր երկրում՝ հանդիսանալով փոխըմբռնման և բարեկամության կամուրջ»,- նշեց Դարսալիան։
Նրա խոսքով՝ հայ-վրացական գործընկերությունը ցույց է տալիս, որ երբ կառավարությունները համագործակցում են քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար, հնարավոր են բազմատեսակ նվաճումներ։ Ըստ նրա՝ Վրաստանում մարդկանց միջև համագործակցությունը խորանում է և պաշտոնական մակարդակով ամրապնդվում են երկկողմ կապերը։ Այդ համագործակցությունն, անշուշտ, կնպաստի ավելի ինտեգրված, խաղաղ և առաջադեմ Հարավային Կովկաս կերտելուն։