Հանրակրթության վարչության պետի անունից տարածվ...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքել է հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից տարածվող հաղորդագրությունները հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին։

«Նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ»,–հայտնում են գերատեսչությունից։

Մեկտեղ, նշում են, որ հետևողական են լինելու յուրաքանչյուր ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողության բացահայտման հարցում:

«Տեղեկացնում ենք, որ հանրակրթական դպրոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ԿԳՄՍ նախարարության հետ առնչություն չունեցող էլեկտրոնային հասցեից տարածվում է կեղծ հաղորդագրություն նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի անունից։

ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ նշված նամակը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի նախարարության հետ։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների հարգելի՛ տնօրեններ, խնդրում ենք տվյալ նամակը չդիտարկել որպես նախարարության պաշտոնական հաղորդագրություն և առաջնորդվել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներով ստացվող և պաշտոնական հարթակներում հրապարակվող տեղեկատվությամբ»,– ասված է նախարարության հերքման տեքստում։