Առաջին ռազմավարական մարտահրավերը խաղաղությունն է: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով ՀԱԿ-ի նախընտրական ծրագիրը:
Զուրաբյանը ներկայացրեց ծրագրի ռազմավարական մարտահրավերները, որոնց այսօր բախվում է Հայաստանը . «Առաջին ռազմավարական մարտահրավերը խաղաղությունն է: Հիմա առկա է խաղաղության երկու կոնցեպտ. Մեկը փաշինյանական խաղաղության կոնցեպտն է, որը ենթադրում է, որ մենք կհասնենք խաղաղության, եթե Ադրբեջանը դառնա Հայաստանի տերն ու տիրակալը: Ուրիշ բան չի ասվում Նիկոլ Փաշինյանի կողմից: Սա մեզ համար անընդունելի է որպես հեռանկար: Սա կեղծ խաղաղություն է և վտանգավոր բանաձև. դա այլ բանի մեզ չի բերելու քան այն, որ Ադրբեջանը դառնա տեր ու տիրակալ, և մենք այլևս ոչինչ չենք որոշելու: Եւ դրա դրսևորումները մենք արդեն տեսնում ենք. մեզանից պահանջում են Անկախության հռչակագիրը հանել մեր երկրի գլխավոր փաստաթղթից՝ Սահմանադրությունից, շատ լավ հասկանալով, որ դրանով խարլում են մեր անկախ պետականության վերսկսման հիմքերը: Այսօր մեզանից պահանջում են, որ մենք ընտրենք շատ կոնրկետ մարդու, ով իրենց կուսակալն ու խամաճիկն է, և որը պետք է զբաղվի միայն մեկ գործով՝ կոտրել, խարխլել Հայաստանի դիմադրողականությունն ու ողնաշարը: Նիկոլ Փաշինյանն ուրիշ գործով չի զբաղվելու»,- ասաց Զահրաբյանը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի համար շատ հարմար է, որ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը «առանց մի պատրոն կրակելու անում է այն գործը, որն իրենք կուզեին, որ արվեր»:
Զուրաբյանը նշեց,որ այս իրողությանը ՀԱԿ-ն իր նախընտրական ծրագրող նախատեսում է հակադրություն. «Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու համար պետք է ավելացնել ժողովրդագրական և տնտեսական ներուժը: Արագ լուծումներ գտնել և միջազգային ասպարեզում Հայաստանի հավասարակշռությունը վերականգնել»:



