ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Единая Россия» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի համար գլխավորն է չմոլորվել Գերմանիայի ծրագրերի հարցում և թույլ չտալ 1941 թվականի ողբերգության կրկնությունը։ Փոխանցում է Ռիա նովոստին:
«Մեր երկրի համար գլխավորն է թույլ չտալ 1941 թվականի ողբերգությունը… Հույս չդնել Բեռլինի ողջախոհության վրա և չհավատալ, որ այն երբեք չի գնա պատերազմի ռիսկի։ Չմոլորվել այն մտքով, թե գերմանական էլիտան իրեն վերջնականապես կապված կհամարի անգամ եվրոպական անվտանգության նոր սկզբունքների վերաբերյալ որևէ պայմանագրի ստորագրման դեպքում», — գրել է նա RT-ում հրապարակված հոդվածում։
Մեդվեդևը նաև նշել է, որ 1941 թվականի ողբերգությունը չկրկնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ են ոչ միայն մարտունակ, այլև լիարժեք մարտական պատրաստվածություն ունեցող զինված ուժեր արևմտյան ուղղությամբ։ Նրա խոսքով՝ պետք է գիտակցել, որ 1941 թվականի հունիսի 22-ից առաջ գերմանացիները նույնպիսի հենակետերի ցանց էին ձևավորում, ինչպիսին, ըստ նրա, առկա է այսօր՝ հիմնական օպերատիվ ուղղություններով։
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նշել է, որ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միավորման ժամանակ հանրաքվե չի անցկացվել և չեն պահպանվել ընդհանուր ընդունված իրավական ընթացակարգերը։
«Այսպիսով, ներկայիս Գերմանիան հաստատ այն երկիրը չէ, որը կարող է դատողություններ անել Եվրոպայում տարածքային փոփոխությունների իրավաչափության և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման գործընթացների ծագման վերաբերյալ։ Գերմանական պետականության իրավական հիմքը շատ խոցելի է»։



