Որեւէ միջազգային մեխանիզմ օգտագործում եք գերի...

Դուք շարունակ թաքնվում եք մի մարդու կերպարի մեջ, որը շատ բան գիտի, բայց որոշել է ամեն ինչ չասել, որովհետև ուղղորդվում է «մի վնասիր» սկզբունքով, և կարելի է մտածել, թե ինչ-որ գործողություններ են կատարվում, և դուք չեք խոսում, որպեսզի չվնասեք։ Այս մասին այսօր, մայիսի 7-ին, Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ Անահիտ Մանասյանին հարց էր տվել Բաքվում պահվող ռազմագեիների նամակների վերաբերյալ, և կարծում է, որ եթե իսկապես մարդասիրական և իրավական հնարավոր մեխանիզմները գործադրված լինեին, մենք բոլորովին այլ պատկերի առջև այսօր կանգնած կլինեինք։

«Ըստ էության, եթե կա խաղաղության գործընթաց, որը այսքան տարփոխվում է քաղաքական մեծամասնության կողմից, այդ ի՞նչին ենք վնասում։ Մյուս կողմից, եթե կան խաղաղության գործընթացի փոխանակումները․․․ Այդ նավթ ու գազին չեմ ուզում անդրադառնալ, այս կոնտեքստում ուղղակի բարոյական չէ։ Բայց խմբերի փոխանակումներ են տեղի ունենում, նշանակում է ինչ-որ իրավամարդասիրական գործընթացներ կան, այնուամենայնիվ շփումներ կան։ Եվ ես կարծում եմ, որ եթե բավարար քաղաքացիական կամք և մասնագիտական և մարդկային կամք դրսևորեիք, դուք կարող էիք այդ միջանցքում տեղավորվել և այս խնդիրները տեղ հասցնել», - ասաց նա։

Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ չի խոսում ՄԻՊ-ի կողմից իր մանդատը գերազանցելու մասին, այլ խոսում է մարդասիրական և իրավական մեխանիզմների մասին, որը թույլ է տալիս թե ՄԱԿ-ի կոնվենցիան, և թե օմբուդսմենի հումանիստական առաքելությունը։ «Մենք խոսում ենք միջազգային մոնիտորինգային մեխանիզմների մասին, կանխարգելիչ մեխանիզմների մասին, և եթե ձեր նամակագրությունը, թղթակցությունը միջազգային կառույցների հետ բավարար հետևողական լիներ, կարող էիք արդյունքներ արձանագրել։

Իսկ այն հանգամանքը, որ դուք ասում եք պետությունը բավարար աշխատանք է կատարում այս ուղղությամբ, ես ուզում եմ ուղղակի սառը ջուր լցնել ձեր այդ համոզումի վրա», - ասաց նա, հիշեցնելով, որ երբ որպես ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ ուղիղ մեկ տարի առաջ Պորտոյում ինքը կարողացել էր մարդու իրավունքների զեկույցում համապատասխան բանաձև մտցնել, որը պահանջում էր, որպեսզի մոնիտորինգային անկախ խումբ մեկնի Բաքու,  Հայաստանի պատվիրակության անդամները դեմ եղան դրան։

«Այ սա է միջազգային հարթակներում, միջազգային միջանցքներում Հայաստանի դիվանագիտական պատկերը և քաղաքական կամքը։ Ես նորից եմ մնում այն համոզումի, եթե բավարար կամք, դուք էլ դրսևորեք կամ բավարար ցանկություն, միջազգային թե՛ իրավունքները, թե՛ մեխանիզմը ձեզ թույլ են տալիս կարողանալ հասնել նրան, որպեսզի գործադրվեն մոնիտորինգային մեխանիզմներ», - ասաց Լիլիթ Գալստյանը։