Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրակ...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում առկա հաջողություններն այս տարի ևս կշարունակվեն:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին՝ նախարարը նշել է, որ տարին ոլորտի առաջխաղացման առումով կարևոր էր. «Ձևավորվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, ներկայում ակտիվորեն մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, որոնք պետք է նպաստեն թանգարանների աշխատանքային գործունեության կարգավորմանը, թանգարանի այցելուների համար որակական փոփոխությունների ապահովմանը: Նախորդ տարվա կարևոր աշխատանքներից էր նաև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի մշակումը և ներդրումը, որն այս տարվանից պետք է ամբողջապես գործի: Տոմսային համակարգի էլեկտրոնային հարթակը բազմաբնույթ համագործակցությունների և հաշվետվողականության նոր հնարավորություն է տալիս»:

Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ հանդիպման նպատակն է քննարկել 2025 թվականին իրականացվելիք աշխատանքները, առկա գործընթացներում թանգարաններին ներկայացվող փոփոխություններն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ֆինանսական ցուցանիշների հստակեցման, չափելիության, էլեկտրոնային տոմսային համակարգի գործարկման և հաշվետվողականության նոր համակարգին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թանգարանային գործունեության ակտիվացման և տեսանելիության բարձրացման կարևորությանը՝ նշելով, որ այն գործնականում կարևոր նշանակություն ունի մշակութային կյանքի բարելավման առումով: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր թանգարան ունի իր առանձնահատկությունները, որոնց միջոցով էլ ձևավորվում են թիրախային լսարանները և այցելությունները. «Թանգարանների այցելուներին տարբեր ծրագրեր, կրթամշակութային նախագծեր և ծառայություններ առաջարկելու ուղղությամբ ակտիվ նախաձեռնողականությունը պետք է զարգացնենք: Այս համատեքստում առկա են միջազգային և հայաստանյան թանգարանների բազմաթիվ հաջողված օրինակներ: Մեր թանգարանները հրաշալի վայրեր են բազմաբնույթ ծրագրերի իրականացման, տարբեր ձևաչափերով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելու համար, որը կնպաստի հանրության մշակութային կյանքի հարստացմանը»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թանգարանների կապիտալ վերանորոգումների, գույքի և սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությանը։ Նախարարն ընդգծել է, որ պետությունը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս գործընթացին՝ առաջարկելով թանգարաններին ներկայացնել առաջարկներ:

Հանդիպման ընթացքում նախարարն առանձնակի կարևորել է թանգարաններում իրականացվող գիտական աշխատանքի ակտիվացումը և դրանց համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ նշելով, որ այս ուղղությամբ առաջիկայում կկազմակերպվի քննարկում համապատասխան ոլորտային շրջանակների հետ:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է թանգարանային ոլորտի միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ որպես մշակութային ժառանգության տարածման և հանրահռչակման կարևոր բաղադրիչ՝ ընդգծելով նաև թանգարանային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման բաղադրիչը։

Թանգարանների տնօրենների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հեղինակային իրավունքի պաշտպանության, միջազգային համագործակցության ակտիվացման, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնման, հանրահռչակման, կրթամշակութային ծրագրերի ակտիվացման, բաժանորդային ծրագրի լավարկման և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի։