Երևանում հանրային տրանսպորտի 50 տոկոսով թանկացումը միայն 0.1 տոկոսի ազդեցություն կունենա Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4 տոկոս է, որից 0.23-ը Երևանի ցուցանիշն է: Եթե դիտարկենք ամենածայրահեղ սցենարը, համաձայն որի մարդիկ փաթեթներ չեն գնում, այլ օգտվում են միայն 150 դրամանոց տոմսերից (այսինքն, թանկացումը լինում է 50 տոկոսով), ապա սպառողական գների ընդհանուր ինդեքսի վրա կլինի 0.1 տոկոս աճի ազդեցություն»,- նշեց նա:
Փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկվում են տարբեր տոմսային փաթեթներ, ինչպես նաև ներդրվել է 1 ուղևորության տոմս, որի արժեքը 150 դրամ է։ Նախկինում մեկ ուղևորության տոմսը ավտոբուսների և մետրոյի համար 100 դրամ էր, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։