
2024-ի ավարտի դրությամբ մենք մեր թանգարաններում ունեցել ենք ավելի քան 1 մլն 245 հազար այցելու, որից 50% զբոսաշրջիկներ են, և սա կարևոր է, որովհետև թանգարանները նաև զբոսաշրջության զարգացման շատ էական մասնակից են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 16–ին, Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ես շատ կարևորում եմ ներդրումները, որ ընդլայնվեն հնարավորությունները տարբեր երկրների զբոսաշրջիկների համար հասանելի ձևով և միջավայրում ապահովելու հնարավորությունը, ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը, արվեստի պատմությանը։ Ես վստահ եմ, որ այս թվերը գալիք ժամանակահատվածում միայն ավելանալու են։
Առաջիկայում պլանավորում ենք առաջին փուլով ատեստավորման գործընթաց կազմակերպել Հայաստանի պատմության թանգարանում, մշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայության ՊՈԱԿ–ներում։
Նախորդ և այս տարին շատ կարևոր էր, որովհետև մենք դրա շրջանակներում կարողացանք ձևավորել էլեկտրոնային միասնական տոմսային համակարգը, որը գործարկվել է, ինչը թե հաշվետվողականության շատ կարևոր գործիք է, թե ավելի դյուրին է դարձնում մեր այցելուներին տարբեր ծառայությունների, միասնական տոմսերի գնման հնարավորությունների ընձեռնման տեսանկյունից։ Հիմա մենք աշխատում ենք նաև տոմսային համակարգի հարթակում հուշանվերների առցանց խանութի առավել ակտիվ գործարկման ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ սա նաև այն ուղղություններից է, որով մենք պիտի ավելի ակտիվ գնանք։ Հուշանվերների առցանց խանութը հնարավորություն է տալու մի կողմից ավելի տեսանելի և հասանելի դարձնել մեր մշակութային ժառանգությունը, որովհետև այդ հուշանվերները իրականում արտացոլում են այն արժեքները, որոնք պահպանվում են և ներկայացված են մեր թանգարաններում և այդ իմաստով դարձնում են նաև հնարավոր այդ արժեքներին հաղորդակցումը առօրյայում և կենցաղում։
Կարծում եմ, որ դա հրաշալի վարքականոն է միմյանց տարբեր առիթներին, երբ որ նվեր ընտրելու կարիք ունենք, ընտրել այն, ինչը արտացոլում է մեր մշակութային ժառանգությունը և ինչի բնօրինակը կարելի է տեսնել այցելելով թանգարան։ Սա մի ուղղությամբ է, որի մասով մենք շատ ավելի ակտիվ ենք առաջիկայում աշխատելու»,– հայտարարեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ ոլորտում ձևավորվել է մշակույթի զարգացման հիմնադրամը, և մենք հիմա գտնվում ենք այն փուլում, որ թանգարանների գնումների, հաշվապահության և մարկետինգի գործառույթները այս պահին արդեն պետք է պատվիրակվեն մշակույթի զարգացման հիմնադրամին, և թանգարանները կկարողանան ամբողջությամբ կենտրոնանալ իրենց բուն գործունեության վրա՝ ստանալով անհրաժեշտ աջակցությունը։
«Մեր որոշ թանգարաններ ունեն նաև վերափոխված ներկայացումներ իրենց տարբերանշանի, նաև հանրային հաղորդակցման։ Առաջիկայում այդ աշխատանքը շատ ավելի տեսանելի կլինի։ Մենք ձեր հետ միասին մի աշխարհում ենք ապրում, որտեղ հանրային հաղորդակցությունն ու մարկետինգը հնարավորություն է տալիս իմանալ, իրազեկվել, տեսնել, առնչվել և հաղորդակցվել, և շատ կարևոր է, որպեսզի դա պատշաճ լինի, որպեսզի այն մեծ աշխատանքը և նաև մշակութային ժառանգությունը, որ կա թանգարաններում, դառնա հասանելի։
Բացի այդ, մշակվում է նաև թանգարանների խանութի զարգացման հայեցակարգը։ Մենք առաջիկայում նպատակ ունենք, որ մեր բոլոր թանգարանները այս ենթակառուցվածքները պետք է ունենան։ Նախատեսում ենք նաև ավելի ընդլայնել, օրինակ, թանգարանային սրճարանների և այլ հնարավոր ծառայությունների, որի նպատակը այն է, որ մարդիկ թանգարան հաճախելիս նստեն, քննարկեն, առաջ գնան հաջորդ սրահը, և այս ենթակառուցվածքներն ու ծառայությունները ուղղված են նրան, որ մենք թանգարանների թե տնտեսական գործունեության ակտիվացման հնարավորություն ստեղծենք»,–ասաց Ժաննա Անդրեասյանը։