
Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:
6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն և այժմ գտնվում է հետազոտությունների փուլում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: 2 անչափահասից մեկը ևս հոսպիտալացվել է, մյուսը` թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:
Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Հիշեցնենք՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: