
2025 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը (հանձնաժողովի նախագահ՝ Հայկուհի Մինասյան)։ Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հանրային առողջության ոլորտի ներկայացուցիչներ։
Քննարկվել է մասնավորապես անչափահասների հոգեկան առողջության խնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ հոգեբանների մասնագիտական որակավորման, մարզերում համապատասխան մասնագետների բացակայության հարցը, որի հետևանքով 55․000 երեխայի հաշվարկով առկա է ընդամենը մեկ հոգեբույժ։
Քննարկվել են նաև դեղորայքի շուկայի և պետական գնումների կարգավորումներին, բժիշկների ֆիզիկական և հոգեբանական պաշտպանվածությանը, վիճակագրական տվյալների ձևավորմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Մասնագետները մտահոգություն են հայտնել հոգեկան առողջության խնդիրներով անձանց թվի շեշտակի աճի կապակցությամբ՝ պայմանավորված տարբեր, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական գործոններով։ Առանձնապես կարևորվել է առողջապահության ոլորտում գործող կարգավորումների և մարդու հիմնարար իրավունքների համադրումը, ինչպես նաև ատելության խոսքի ազդեցությունը քաղաքացիների՝ հատկապես երեխաների հոգեկան առողջության վրա։
Արա Խզմալյանը մեծապես կարևորել է նշված խնդիրների վերաբերյալ մասնագիտական կարծիքի դիրքավորումը հանրային տեղեկատվական հարթակներում, որի ուղղությամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն։
Առաջիկայում տեղի կունենա հաջորդ քննարկումը՝ համապատասխան գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչների ընդգրկմամբ։