Սուդանում ռազմական գործողությունների պատճառով...

 Ավելի քան 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տունը Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժերի» միջև երեք ամիս շարունակվող զինված հակամարտության ընթացքում։  Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հաշվետվությունը։

Կազմակերպության տվյալներով` Սուդանում ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 2 414 625-ի, ինչը 183 102-ով ավելի է, քան նախորդ շաբաթ։ Տեղահանվածների թվի աճ է գրանցվել երկրի բոլոր 18 նահանգներում։

Հակամարտությունը նաև դարձել է Սուդանից փախստականների թվի ավելացման պատճառ՝ մինչև 737 801: Նրանցից 255 565-ը փախել է Եգիպտոս, 38 218-ը` Չադ, 160 798-ը` Հարավային Սուդան, 62 509-ը` Եթովպիա, 16 719-ը` Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, 2 992-ը` Լիբիա:

Ինչպես հետևում է հաշվետվությունից՝ ներքին տեղահանվածների և փախստականների մեծ մասը բաժին է ընկնում  մայրաքաղաք Խարթումին և Դարֆուրի տարածաշրջանին, որը միավորում է մի քանի նահանգներ։ Վերջին ժամանակներս Դարֆուրում նկատվում է հակամարտող կողմերի միջև ռազմական գործողությունների ակտիվացում, ինչպես նաև էթնիկ հողի վրա բռնության սաստկացում: