Երկուշաբթի առավոտյան Ալմա Աթայում երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալները ճշտվում են։ ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցը տատանումներ է արձանագրել Ալմա Աթայում»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ից պարզաբանել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:38-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ալմա Աթայից 8 կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում:
Ըստ հաշվարկների՝ ցնցումների ուժգնությունն Ալմա Աթայում կազմել է 3-4 բալ, Քարասայում (Քասկելեն)՝ 2-3 բալ, Բորալդայ գյուղում՝ 2-3 բալ, իսկ Օտեգեն Բաթիր գյուղում՝ 2 բալ։
Գերատեսչությունից ընդգծել են, որ պատկան մարմիններն իրազեկված են, իսկ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է։ ԱԻՆ-ը բնակչությանը հորդորում է պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։
Ալմա Աթայի բնակիչները հայտնում են, որ առավոտյան զգացել են ցնցումները, լքում են շենքերն ու դուրս գալիս փողոց։



