Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Կիևը չի դիտարկում «Գազպրոմի» հետ ռուսական գազի տարանցման վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման հարցը, ինչպես նաև հասկացնել է տվել, որ Ուկրաինան չի համաձայնի ադրբեջանական գազի քողի տակ ռուսական գազ մղել։
Ըստ Economic Truth-ի՝ այս մասին նա ասել է Բրյուսելում լրատվամիջոցների հետ զրույցում։
Զելենսկիին հարցրել են, թե հնարավո՞ր է, որ Ուկրաինան, այնուամենայնիվ, փոխի իր որոշումը և երկարաձգի ռուսական «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին, ինչին նա պատասխանել է, որ դա բացառվում է։
«Մենք չենք զբաղվելու ռուսական գազի տարանցման շարունակմամբ։ Մեր արյունից հավելյալ միլիարդներ վաստակելու հնարավորություն չենք տա: Եվ աշխարհի ցանկացած երկիր, որը կարող է ինչ-որ էժան բան ստանալ Ռուսաստանից, ի վերջո կախվածության մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնությունից, հարցն այն է, որ մեկ ամսից կամ մեկ տարի անց: Որովհետև դա նրանց քաղաքականությունն է: Ուստի մենք ռուսական գազը չենք տարանցի»,- ընդգծել է Զելենսկին։
Նա նշել է, որ այդ մասին խոսել է մասնավորապես Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ և ուրվագծել Ուկրաինայի դիրքորոշումը դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր տարանցման վերաբերյալ, թեև ուղղակիորեն չի նշել, որ խոսքն Ադրբեջանի մասին է։
«Ես հստակ բացատրեցի նրան. (սա հնարավոր է), եթե գազը այլ երկրից է, բացի Ռուսաստանից... Բայց մենք չենք ուզում խաղալ այնպիսի խաղ, որտեղ այս մյուս երկիրը գազ է ստանում Ռուսաստանից, իսկ հետո այդ գազը տարանցում է: Սա նույնն է, թե շարունակես փող աշխատել այս պատերազմից և շարունակես փող փոխանցել Ռուսաստան»,- ընդգծեց նախագահը։ «Եթե եվրոպական երկիրն ուզում է գազ ստանալ և այդ գումարը չվճարել Ռուսաստանին մինչև պատերազմի ավարտը, կարող եք մտածել... Բայց նորից, մենք Ռուսաստանի Դաշնությանը հնարավորություն չենք տա լրացուցիչ եկամուտներ ունենալ այս պատերազմից», - եզրափակել է Զելենսկին։
Սլովակիայի վարչապետ Ֆիցոն սպառնացել է Ուկրաինային լուրջ կոնֆլիկտով. «Եթե Զելենսկին թույլ չտա մեր գազի տարանցումը կարող է լուրջ կոնֆլիկտ առաջանալ»։
Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ, իբր, քննարկում են ուկրաինական գազափոխադրման համակարգով դեպի Եվրոպա տարանցումը պահպանելու տարբերակը, որպեսզի եվրոպական ընկերությունները գազ գնեն Ադրբեջանից, իսկ Ուկրաինան շարունակի օգտվել այդ ենթակառուցվածքից և եկամուտ ստանալ դրանից։
Այս շաբաթ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ զրույցում հաստատեց, որ Կիևը բացառում է «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագրի երկարաձգումը, սակայն դեմ չէ գազ տեղափոխել իր գազատրանսպորտային համակարգով, եթե այն Ռուսաստանից չէ։
Եվրահանձնաժողովը ավելի վաղ հավաստիացրել էր, որ գազը, որը Եվրոպան արդեն գնում է Ադրբեջանից, տեխնիկապես չի կարող լինել ռուսական։



