Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց․ նա...

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց. նրա խափանման միջոցը սահմանվեց տնային կալանք ու գրավ, այս մասին հայտնել է նրա փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: