Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և փոքրոգ...

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման, իրականում` խլման վարույթ սկսելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։

Այս պահին միայն նշեմ, որ դատախազությունն անտրամաբանական և ապօրինի հիմնավորումներով «ապօրինի գույք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների և նրանց տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն հանդիսացող գույքեր՝ ընդամենը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով։

Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և փոքրոգիության հերթական դրսևորումն է:

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք ստուգեք և ուսումնասիրեք, իմ ունեցած ամեն ինչի ետևում իմ և իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք և ձեր շրջապատը մտածելու և բացատրելու շատ բան ունեք:

Վերջապես, ես, ի տարբերություն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` 2018 հունիս-հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ:

Հ.գ. Տարիներ շարունակ հանրայնորեն չեմ խոսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղերի և պետությանը վճարած հարկերի մասին։

Սակայն ստեղծված իրավիճակը երևի թե լավագույն առիթն է այդ ամենին անդրադառնալու և հանրությանը մանրամասն փաստերով ներկայացնելու համար, որն անպայման կանեմ առաջիկայում։

Պարզապես թույլ չեմ տալու արատավորել և պիտակավորել իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը: