
ԱՄՆ Սենատի որոշումը սպասելի էր, քանի որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները ծայրաստիճան լարված են, կարծում եմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանն՝ ընդգծելով, որ սա թուրք -ամերիկյան հարաբերությունների ամենալարված ժամականահատվածն է, պայմանավորված մի շարք գործոններով, մասնավորապես, ռուս –թուրքական հարաբերություններով, Սիրիայի հետ կապված գործողություններով, ինչպես նաև մերձավոր արևելյան քաղաքականության տրամաբանությամբ։
«Կարծում եմ այս քայլը հասունացած էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս բանաձևի ընդունումից ժամեր առաջ ընդունվեղ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Սենատի բանաձևը, որը լրացուցիչ դուռ բացեց այս բանաձևի ընդունման համար։ Ուզում եմ արձանագրել, որ սա հայտարարություն է, օրենք չէ և չի գնալու ԱՄՆ նախագահի սեղանին և դառնա օրենք, միաժամանակ, նշեմ, որ ԱՄՆ նախագահը պարտավորված չէ օգտագործել Ցեղասպանություն եզրույթը և սա էլ իր հերթին նշանակում է, որ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի հետ հայկական կազմակերպությունները և համայնքը, ՀՀ իշխանությունները իրենց մասնակցությունն ունենան, որովհետև այս գործընթացում ՀՀ իշխանությունների մասնակցությունը գրեթե զրոյական է եղել և որևէ ներգրավածություն չի եղել։
Մենք ունենք, մի իրավիճակ, երբ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, հաջորդ քայլը պետք է լինի այն, որ ԱՄՆ նախագահը խոսելով երևույթի մասին հստակ ձևակերպում տա և օգտագործի Ցեղասպանություն եզրույթը և հստակ նշի, որ սա քաղաքական և իրավական տեսանկյունից Ցեղասպանություն է, որն իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ»։
Երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Հիշեցնենք, որ բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ սենատորների կողմից, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձեւի վրա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախկինում արդեն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։