Ռուսաստանում Ժիրինովսկու պատվին Մոսկվա-Ադլեր...

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 25-ին Մոսկվա-Ադլեր երթուղով կգործարկի «Ռուսաստան. Ժիրինովսկի» անվանական գնացքը՝ ի պատիվ քաղաքական գործչի ծննդյան 80-ամյակի։ Այս մասին հոբելյանական միջոցառումների նախապատրաստման և անցկացման կազմկոմիտեի նիստում հայտնել է ԼԴՊԿ նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։

«Մեր ծրագրի միջոցառումները մտահղացված են այնպես, որ մարդկանց հետ խոսեն հասկանալի լեզվով՝ մշակույթի, լուսավորության, կրթության, հանրային տիրույթի և հաղորդակցության միջոցով, Ժիրինովսկու գաղափարների և տեքստերի արխիվին ուղիղ հասանելիության միջոցով»,- ասել է Լեոնիդ Սլուցկին։

Բացի գնացքի գործարկումից, հոբելյանի առթիվ կանցկացվեն հիշատակի համերգ, «Ժիրինովսկու ընթերցումներ» գիտակրթական ֆորումը, իսկ Մոսկվայի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահում կբացվի «Հավերժ Ժիրինովսկի» ցուցահանդեսը։

Ինչպես նիստից հայտնել է TASS-ի թղթակիցը, Լեոնիդ Սլուցկին կազմկոմիտեի անդամներին հանձնել է կասետային նվագարկիչներ՝ ԼԴՊԿ հիմնադրի ելույթների ու երգերի ձայնագրություններով, ինչպես նաև նվեր՝ ջինսե բաճկոններ։ Գործակալության տեղեկություններով՝ յուրաքանչյուր բաճկոնի (այսպես կոչված՝ «վարյոնկայի») թիկունքին զետեղված է Վլադիմիր Ժիրինովսկու մեջբերումը. «Եթե խաղաղության համար պետք է կռվել՝ մենք կռվում ենք»: Ըստ TASS-ի՝ նվերներ են ստացել նաև Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը և փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն։