Ռուսաստանը Սիրիայից Լիբիա է տեղափոխում ՀՕՊ համակարգերը եւ այլ զինատեսակներ, գրել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկացի եւ լիբիացի պաշտոնյաներին։ Ըստ նրանց՝ Կրեմլը հույս ունի պահպանել ազդեցությունը Մերձավոր Արեւելքում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՍ) խմբավորման իսլամիստների կողմից Բաշար Ասադի տապալումից հետո։
Ռուսական բեռնատար ինքնաթիռները տեղափոխել են S-300 եւ S-400 «երկիր-օդ» հրթիռային համակարգերի տարրեր, այդ թվում՝ ռադարներ, արեւելյան Լիբիայի տարածքներ, որոնք վերահսկվում են Մոսկվայի կողմից եւ աջակցվում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի կողմից: Նաեւ Սիրիայից դուրս են բերվել զորքերը, հարվածային ինքնաթիռները եւ զենքերը, ինչը զգալիորեն կրճատել է ռուսական ռազմական ներկայությունը երկրում։ Միաժամանակ, ամերիկացի պաշտոնյան նշել է, որ դեռ պարզ չէ՝ ՀՕՊ համակարգերը կմնա՞ն Լիբիայում։
Սիրիական բազաները, ներառյալ Տարտուս նավահանգիստը, որը Ռուսաստանի համար ապահովում էր միակ ուղիղ ելքը Միջերկրական ծով, երկար ժամանակ ծառայել են որպես առանցքային կետեր Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում նրա ազդեցության տարածման համար, ինչպես նաեւ որպես զորքերի տեղաշարժի կենտրոն։ Այժմ Կրեմլը ցանկանում է Ասադի փոխարեն օգտագործել Լիբիայում իր հին գործընկերոջը, որպեսզի պահպանի դիրքերը եւ ռազմածովային ներկայությունը տարածաշրջանում, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ բազաները։ «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանները երկար ժամանակ գտնվել են այս երկրում, նրանք հայտնվել են պաշտպանության նախարարության ենթակայության տակ՝ խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահից հետո: Նրանք սերտ կապեր ունեն Հաֆթարի հետ։ Լիբիայի ազգային բանակը վերահսկում է հանրապետության արեւելքը։ Նախկինում վագներցիներն օգտագործում էին ավիաբազան աֆրիկյան այլ երկրներ վարձկաններ եւ զենքեր տեղափոխելու համար։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են Հաֆթարի հետ անցյալ տարի՝ քննարկելու Բենգազիի կամ Թոբրուկի նավահանգիստներում նավահանգիստների երկարաժամկետ իրավունքները, որոնք գտնվում են Հունաստանից եւ Իտալիայից 640 կիլոմետր հեռավորության վրա: Լիբիա է եկել պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Յունուս-Բեկ Եվկուրովը։
Ռուսաստանը դիտարկում է Թոբրուկի նավահանգստային օբյեկտների արդիականացումը՝ իր ռազմանավերը տեղակայելու համար, ասել է ամերիկացի պաշտոնյան: Հաֆթարը տարիներ շարունակ Մոսկվայից հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրում՝ ուժեղացնելու վերահսկողությունը երկրի արեւելյան հատվածում եւ հակազդելու Թուրքիայի կողմից աջակցվող Տրիպոլիի ուժերին: Այնուամենայնիվ, դժվար թե Արեւմուտքը թույլ տա Ռուսաստանին ընդլայնել իր ներկայությունը Լիբիայում: Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել է Հաֆթարին, այդ թվում՝ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի միջոցով, Կրեմլի ազդեցության մեծացման անթույլատրելիության մասին։ Ի դեպ, Լիբիայում տեղակայված բազաները չեն կարողանա լիովին փոխհատուցել Սիրիայում կորցրած դիրքերը, կարծում են վերլուծաբանները։ Ըստ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի նախկին սպա Գլեբ Իրիսովի, որը ժամանակին ծառայել է Հմեյմիմ ավիաբազայում, Լիբիան որպես վառելիքի լիցքավորման կետ Աֆրիկայում լրջորեն կսահմանափակի ներկրվող զենքի քաշը:
Ռուսաստանը նաև փորձում է մշտական ելք ապահովել Սուեզի ջրանցք, Հնդկական օվկիանոս եւ Արաբական թերակղզի՝ բանակցելով Սուդանում Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա ստեղծելու շուրջ։ Սակայն մինչ այժմ Սուդանի իշխանությունները, որոնց Մոսկվան աջակցում է քաղաքացիական պատերազմում, չեն ընդառաջում այդ հարցում։