
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մանրամասն տեղեկատվություն է ուղարկել Եմենում հութիների դիրքերին հարվածելու մասին Signal մեսենջերին, որը ներառում էր նրա կնոջը, եղբորը եւ փաստաբանին: Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Թերթի տեղեկացմամբ՝ Հեգսեթի տարածած տեղեկատվությունը ներառել է F/A-18 ինքնաթիռի թռիչքների ժամանակացույցը, որը հարվածներ է հասցրել հութիներին։ Ինչպես նշել է NYT-ը, սրանք, ըստ էության, նույն տվյալներն են, որոնք նա տեղադրել է մեկ այլ չաթում, որում պատահաբար ավելացվել է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը: Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ չաթը, որը ներառում էր Հեգսեթի կնոջը՝ Ջենիֆերին, նրա եղբորը՝ Ֆիլին եւ անձնական փաստաբանին՝ Թիմ Պարլատորեին, ստեղծվել է անձամբ պաշտպանության նախարարի կողմից։ Դրանում կային եւս մի քանի հոգի նրա անձնական եւ մասնագիտական շրջապատից։ Չաթը ստեղծվել է նախքան Հեգսեթի նախարարի պաշտոնը ստանձնելը: Հեգսեթի կինը չի աշխատում Պենտագոնում, բայց հաճախ ուղեկցում է ամուսնուն նրա հանդիպումներին, նշել է The New York Times-ը։ Նախարարի եղբայրը եւ նրա փաստաբանը աշխատում են Պենտագոնում, սակայն «մնում է անհասկանալի, թե ինչու նրանք պետք է իմանային Եմենում հութիների դեմ առաջիկա ռազմական հարվածների մասին»,- ընդգծել է պարբերականը։ Որ Հեգսեթը հութիներին հարվածելու մասին տեղեկությունը հրապարակել է կնոջ, եղբոր եւ փաստաբանի հետ չաթում, տեղեկացրել են նաեւ CNN-ը եւ Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։