
ԱՄՆ-ն Կիևին առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, այդ թվում՝ զիջումներ Մոսկվային, Ղրիմի հնարավոր ճանաչումը որպես ռուսական մաս և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հնարավորության բացառումը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս գաղափարներն ուրվագծված են փաստաթղթում, որը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրել են ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաներին Փարիզում՝ ապրիլի 17-ին, պարզաբանում է պարբերականը։ Վաշինգտոնը սպասում է Կիևի պատասխանին՝ շաբաթվա վերջին Լոնդոնում Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպման ժամանակ։ Հետագայում, եթե կողմերի դիրքորոշումները համընկնեն, առաջարկները կներկայացվեն Մոսկվային։
Միևնույն ժամանակ, ըստ WSJ-ի, Վաշինգտոնը չի ճանաչում Ռուսաստանի վերահսկողությունը Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի նկատմամբ, չնայած չի էլ պահանջում ռուսական զորքերի դուրսբերումն այնտեղից։
Արևմտյան պաշտոնյաների խոսքով՝ Սպիտակ տան մեկ այլ առաջարկով նախատեսվում է Զապորոժիեի ատոմակայանի շրջակա տարածքներին տրամադրել չեզոք կարգավիճակ և դրանք հանձնել ԱՄՆ վերահսկողությանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն չի առաջարկում սահմանափակել ուկրաինական բանակի թվաքանակը և չի բացառում Արևմուտքի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնությունն ու եվրոպական զորքերի տեղակայումը Ուկրաինայում, ինչը, սակայն, «առանցքային խոչընդոտ» է Մոսկվայի համար, նշում է WSJ-ն։
Հաղորդվում է, որ Թրամփը ուրբաթ վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի՝ Միացյալ Նահանգները կդադարեցնի ուկրաինական ճգնաժամը լուծելու փորձերը, եթե տեսնի, որ կողմերը հետաքրքրված չեն դրանով։