Երբ Թուրքիայի նախագահը եկել էր Արարատը հանել...

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նույնպես անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որում նա իշխանություններին մեղադրում էր անցյալը մոռանալու կամ ուրանալու համար, նշեց՝ ինքը որոշեց հիշեցնել ընդդիմադիր պատգամավորին ու Դաշնակցությանը մի քանի դրվագ:

Նրա խոսքով՝ երբ Դաշնակցությունը փորձում է ներկայանալ որպես «նվաճողական կազմակերպություն», 1990-ականներին, երբ հայկական կողմը տարածքային ձեռքբերումներ էր գրանցում, այդ նույն Դաշնակցությունը Երևանի փողոցներում միտինգներ էր անում՝ պահանջելով այն ժամանակվա իշխանության հրաժարականը և նրանց անվանելով դավաճան:

«Բա եթե դուք այդքան հողեր նվաճող եք, բա էդ ժամանակ ինչ էիք խոսում: Ինչ ցույցեր էիք անում այդ ժամանակ»,- հայտարարեց Կոնջորյանը:

Ինչ վերաբերում է ինքնությունից ու անցյալից հրաժարվելու՝ Մանուկյանի մեղադրանքներին, ասաց՝ իսկ երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գալիս էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, ինչու էին անջատում Ծիծեռնակաբերդի լույսերը, ինչու էին մարզաշապիկի վրայից հանում Արարատի պատկերը:

«Այդ ամենը դուք եք արել, ձեր իշխանության ժամանակ է եղել: Բա ուրացել եք, ինչի՞ եք ուրացել: Ձեզ թվում է՝ մարդիկ մոռացե՞լ են: Ինչի եք դուք անցյալից հրաժարվում: Ձեզ թվում է, որ այստեղ մարդիկ են նստած, որոնք քաղաքական հիշողություն չունե՞ն»,- դիմեց ընդդիմադիրներին Կոնջորյանը:

Մեջբերելով Գեղամ Մանուկյանի ելույթից մի հատված, որում ասվում էր, թե Ղարաբաղյան շարժումը պայքար էր պետականության համար, Կոնջորյանը նկատեց՝ այս հայտարարությունից բխում է, որ Ղարաբաղյան շարժման հետևանքով ՀՀ պետականությունը պետք է ամրապնդվեր, սակայն 1994-ի զինադադարից հետո՝ ընդամենը 2 տարի անց, Հայաստանում սկսվեց ընտրակեղծարարության մեխանիզմը, տեղի ունեցավ հեղաշրջում:

«Իսկ ահա ձեր ղեկավարի իշխանության տարիներին Հայաստանում սկսվեց քաղաքական սպանությունների մի իսկական արյան բաղնիք: Այսպե՞ս եք դուք Ղարաբաղյան շարժումից հետո պետականությունն ուժեղացրել: Բա հաղթել էիք, հաղթանակից հետո պետք է լինեին խաղաղություն, հանրային համերաշխություն, բա դրանից հետո քաղաքական քանի սպանություններ եք իրականացրել, գլխատել եք պետությունը, այսօր եկել խոսում եք պետականության ամրապնդումից»,- հայտարարեց Կոնջորյանը՝ թվարկելով, թե ովքեր են սպանվել այդ տարիներին:

Նա ընդդիմությանը մեղադրեց ազգային հարստությունը մսխելու համար:

«Բա հաղթանակից հետո ձեր երեք նախագահների իշխանության օրոք 1 միլիոն մարդ է հեռացել անվերադարձ: Բա Ղարաբաղյան շարժման տրամաբանական հետևանքը դա՛ է եղել: Ինչ եք դուք արել այդ պետականության հետ, եկել եք այստեղ, ժողովրդին վաճառում եք գավառական սենտիմենտալիզմ»,- ասաց Կոնջորյանը:

Նա հորդորեց ընդդիմությանը՝ ՀՀ քաղաքացիներին անկեղծորեն ասել՝ ինչ են ուզում անել: 

«Պատրաստվում եք հարձակվել ՀՀ քարտեզից դուրս որևէ կողմի վրա՞: Եթե պատրաստվում եք դա անել, ո՞ւմ հաշվին եք դա անում, ի՞նչ հեքիաթի մեջ եք ապրում: Ինչո՞ւ եք վիրավորում մարդկանց բանականությունը: Ձեզանից ինչ հայրենասեր: Էլի եմ ասում՝ դուք Արարատը մոնետիզացրել եք, հետո նույն այդ Արարատը, երբ Թուրքիայի նախագահը եկել է, հանել եք հավաքականի շապիկից: Գոնե մի եկեք այստեղ կույս ձևացեք»,- ընդդիմադիրներին դիմեց ՔՊ խմբակցության ղեկավարը: