ՌԴ-ն մեկ շաբաթում երրորդ անգամ զանգվածային գն...

Ռուսաստանը նորից զանգվածային գնդակոծման է ենթարկել Ուկրաինան օգոստոսի 29-ի գիշերը։ Ուկրաինայի ՌՕՈւ տվյալներով՝ ՌԴ բանակը գնդակոծել է երկրի տարածքը 74 հարվածային «Շեհիդ» անօդաչուներով եւ հինգ տարբեր տեսակի հրթիռներով։ Հարվածներ են հասցվել Կուրսկի եւ Բելգորոդի մարզերից, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասից։

ՀՕՊ ուժերը ոչնչացրել են երկու հրթիռ եւ 60 դրոն։ «Եվս 14 հարվածային անօդաչու ընկել է Ուկրաինայի տարածքում»,- նշվել է https://t.me/kpszsu/18448 ուկրաինական ՌՕՈւ հաղորդման մեջ։

Հակաօդային պաշտպանությունն աշխատել է Խարկովի, Չերկասկի, Կիրովոգրադի, Կիեւի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի, Սումայի եւ Դոնեցկի մարզերում։

Զանգվածային հրթիռային հարվածը երրորդն է ընթացիկ շաբաթում։ Մինչ այդ Ռուսաստանը գնդակոծել էր ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքը օգոստոսի 26-27-ին։ Ուկրաինայան ՌՕՈւ տվյալներով՝ օգոստոսի 26-ին երկրի տարածքի դեմ արձակվել է 236 օդային հարձակման միջոց, ՀՕՊ-ը ոչնչացրել է 102 հրթիռ եւ 99 հարվածային դրոն։

Դրանից հետո եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նորից կոչ է արել հանել արեւմտյան զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին՝ կոչ անելով գումարել Ուկրաինա-ՆԱՏՕ նիստ։

Նիստը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին, դաշինքի երկրները որոշել են ուժեղացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։