ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսություն են վարում բարձր և ամենաբարձր մակարդակներում, և Մոսկվան կօգտագործի այդ ուղիները՝ Անկարային բացատրելու իր դիրքորոշումը «Ազով» գնդի հրամանատարներին Կիևին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
«Ինչ վերաբերում է «ազովցիների» ղեկավարների վերադարձին, ապա այո՛, սա գործող համաձայնագրի խախտում է, և մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչն, ըստ էության, արդեն սկսել ենք անել», - ընդգծել է Պեսկովը։
«Շատ կարևոր է, որ Թուրքիան, ի տարբերություն, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի մի շարք երկրների, երկխոսություն է վարում մեզ հետ և ավելին, այն վարում է բարձր և ամենաբարձր մակարդակի վրա: Մենք այս երկխոսության ուղիները կօգտագործենք, որպեսզի նախ՝ պարզաբանենք մեր դիրքորոշումը, և, իհարկե, այս իրավիճակը հաշվի կառնենք տարբեր ոլորտներին առնչվող հետագա համաձայնագրերում», - հավելել է Կրեմլի խոսնակը։
Ռուսական կողմը, Թուրքիայի հետ երկխոսելով, ակնկալում է պարզաբանումներ ստանալ «Ազով» գնդի հրամանատարներին Կիև տեղափոխելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Հունիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ երկիր է վերադառնում «Ազով» գնդի 5 հրամանատարների հետ․ նրանք Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից դուրս գալուց հետո, պայմանավորվածությունների համաձայն, տեղափոխվել էին Թուրքիա և մինչև ռազմական գործողությունների ավարտը չպետք է վերադառնային Ուկրաինա։