Քոչարյանի պաշտպանները գլխավոր դատախազի՝ դատար...

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը ընդհանուր առմամբ գոհ է նախորդ չորս օրերի դատական գործընթացներից:

Օրբելյանի գլխավոր եզրակացությունն այն է, որ Հայաստանի դատախազությունը շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազության դատախազական մոտեցում՝ բոլորին պետք է ձերբակալել, բոլորին պետք է կալանքի տակ պահել, որովհետև բոլոր մարդիկ հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ:

Քոչարյանի պաշտպանները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ դատարանին ուղղված կոչերում սպառնալիք են նկատել:

«Դատարանին ասել, որ ամբողջ պարտականությունն ընկել է Ձեզ վրա և Դուք եք պատասխանատու այս գործի համար, իրավական չէ և դատարանին լրացուցիչ լարվածության մեջ է դնում՝ առանց այն էլ ստեղծված լարված մթնոլորտում», - նկատեց մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Անդրադառնալով դատարանում դատախազական կողմից հնչած մեղադրանքներին՝ Օրբելյանն ասաց, որ Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական օպերացիայի մասին ինքն իմացել է որպես տեղազննում:

«Այն, որ այդտեղ պետք է տեղի ունենա բախում, պարոն Քոչարյանը չի իմացել: Եվ որպես փաստարկ բերել ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից մի կտոր, մի հատված և ասել, որ այդ հանդիպմանն ասել եք՝ կարող է բախում լինի… Իհարկե, կարող է բախում լինի ոստիկանների հետ, դա ոչ մեկ չէր կարող բացառել», - ասաց Օրբելյանը: