Քննարկվել են Հայաստան-Իրաք համագործակցության...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Օմեր Սալահ Ադ-Դին Ալ-Շեյխլիին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ընդգծելով շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությունը՝ ի շահ Հայաստանի և Իրաքի բարեկամական կապերի զարգացման:

Կողմերը կարևորել են միջբուհական համագործակցությունը երկու պետությունների միջև, որի շրջանակում հնարավոր կլինի դիտարկել նաև ուսանողների, դասավանդողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև համատեղ հետազոտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես միջազգային համագործակցության խթանման քաղաքականության կարևոր մաս: Առանձնակի քննարկվել են 2025 թվականի հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք «Ակադեմիական քաղաք. միջազգային գիտելիքների ֆորում» խորագրով ֆորումի մանրամասները, որին հրավիրված է նաև Իրաքի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Նաիմ Աբդ Յասեր Ալ-Աբուդիին:

Կարևորվել է ԿԳՄՍ նախարարության և ԻՀ բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչը, ըստ կողմերի, փոխգործակցության հնարավորությունների լայն դաշտ կբացի:

Հավատարմատար Մուհամմադ Օմեր Սալահ Ադ-Դին Ալ-Շեյխլին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով օրակարգային հարցերի քննարկումը երկու պետությունների միջև ոլորտային կապերի ամրապնդման տեսանկյունից:

Քննարկվել են նաև մշակույթի և երիտասարդության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները: