Երեկ` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարարերին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 8-րդ հիվանդանոց։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։



