Գերմանիան և ԵՄ ևս հինգ երկրներ՝ Նիդերլանդները, Շվեդիան, Դանիան, Ավստրիան և Ֆինլանդիան, սպառնում են արգելափակել Եվրամիության 2028–2034 թվականների բյուջեի ընդունումը, եթե առաջարկվող ծախսերը չկրճատվեն մի քանի հարյուր միլիարդ եվրոյով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Եվրահանձնաժողովն առաջարկել է գրեթե 2 տրիլիոն եվրոյի յոթնամյա բյուջե։ Վեց երկրները, որոնց բաժին է ընկնում ԵՄ բյուջետային մուտքերի մոտ 40%-ը, պահանջում են վերանայել ծախսերի կառուցվածքը։
Նրանք կողմ են պաշտպանության և նորարարության ֆինանսավորման ավելացմանը, սակայն պահանջում են կրճատումներ մյուս ուղղություններում, այդ թվում՝ գյուղատնտեսության և տարածաշրջանային զարգացման ծրագրերում։
Մյուս կողմից՝ Իսպանիան, Իտալիան և մի շարք այլ երկրներ կողմ են ավելի մեծ բյուջեին։ Քանի որ յոթնամյա ֆինանսական ծրագրի ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնությունը, տարաձայնությունները կարող են արգելափակել համաձայնության ձեռքբերումը մինչև տարեվերջ։



