Պատգամավորներն ու գիտակրթական, հասարակական կա...

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

 Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական  հանձնաժողովում  ստորագրվել է համագործակցության   բազմակողմ  հուշագիր` բուհական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, հասարակական  ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ:

 Մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական  հանրույթի միտքն ու   փորձագիտական  ներուժը  ծառայեցնելու  խորհրդարանի  վերահսկողական գործառույթների  ամբողջական  իրականացմանը: Նշվել է նաեւ, որ այն լավագույն միջոցն է ոլորտում ունենալու այնպիսի գիտական ներուժ,  ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջեւ ծառացած  տնտեսական խնդիրների լուծմանը:

 Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակելու հուշագիրը ստորագրած կառույցների հետ համագործակցությունը:

 «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը հակիրճ ներկայացրել է հուշագրի ստեղծման եւ գործունեության մասին տեղեկատվություն, անդրադարձել որոշակի խնդիրների: Նա ընդգծել է մշտական հանձնաժողովի հետ գործակցության կարեւորությունը:

 Բազմակողմ հանդիպմանը  քննարկվել են  հուշագրից բխող աշխատանքային մոտեցումները: Անդրադարձ է  կատարվել տնտեսական ոլորտին վերաբերող օրակարգային  մի շարք հարցերի:

 Նշվել է, որ նմանօրինակ աշխատանքային հանդիպումները լինելու են շարունակական: