Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում...

«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ներկրվող և Հայաստանի ծագում ունեցող ողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ դրա տարանցումը։ Այս մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Արգելքը կգործի այնքան ժամանակ, մինչև չմշակվի առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հստակ մեխանիզմը։

Որոշումն ընդունվել է կարանտինային օբյեկտների պարբերական հայտնաբերման պատճառով։ Ծառայությունը, ընթացիկ տարվա մայիսից սկսած, փուլ առ փուլ սահմանափակել է հայկական կարանտինային արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը, ինչպես նաև բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին՝ մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ։

Այդուհանդերձ, կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են։ Հունիսին Հայաստանից ներկրված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի խմբաքանակներում արձանագրվել է կապրովյան բզեզով վարակվածության 3 դեպք»,— հայտարարել են «Ռոսսելխոզնադզորում»։

Նշված փաստերը վկայում են Հայաստանի լիազոր մարմնի կողմից ոչ պատշաճ վերահսկողության մասին և անվստահություն են առաջացնում բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ։ Հայկական կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական անվտանգությունը։

«Կապրովյան բզեզը պահեստային պաշարների ամենակեր վնասատու է, որը Ռուսաստանի տարածքում բացակայում է։ Այն վնասում է հացահատիկային, ձիթատու, ընդեղենի, տեխնիկական մշակաբույսերի հունդերն ու դրանց վերամշակման արդյունքում ստացված մթերքները, ինչպես նաև անտառային, դեկորատիվ և այլ մշակաբույսեր։ Կարող է վարակել հացահատիկի պահեստները, տրանսպորտային միջոցները, հումքի և ալյուրի պահեստարանները, ջրաղացները, համակցված կերերի գործարանները, հրուշակեղենի ֆաբրիկաները, ածիկի պահեստներն ու գարեջրի գործարանների մանրացման արտադրամասերը։ Այն ունակ է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչև 70%-ը։

Ռուսաստանի տարածքին հասցվող տնտեսական վնասը կարող է արտահայտվել ոչ միայն բերքի կորստով կամ վարակի օջախների տեղայնացման ու վերացման միջոցառումների իրականացմամբ, այլև այն երկրների արտահանման շուկաների հնարավոր կորստով, որտեղ այս վնասատուն համարվում է բացակայող կարանտինային օբյեկտ։ Դա կարող է լրացուցիչ տնտեսական ծախսերի հանգեցնել՝ արտահանվող հացահատիկային արտադրանքի վարակազերծման համար»,- ասված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։