Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան այս ամսվա վերջին ԱՄՆ այցելելու հրավեր է ստացել, որտեղ, ինչպես հինգշաբթի օրը «AFP» գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը, նախատեսվում է նրա հանդիպումը ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ։
Հրավերը հաջորդել է Թրամփի վերջին այն ակնարկներին, որ Սիրիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ ուղղված գործողություններին։
Անանուն մնալու պայմանով խոսած աղբյուրի փոխանցմամբ՝ «նախագահ աշ-Շարաան Միացյալ Նահանգներ այցելելու հրավեր է ստացել հունիսի 14-ին»։ Այդուհանդերձ, աղբյուրը չի հաստատել՝ արդյոք սիրիացի առաջնորդի այցը կկայանա, թե ոչ։
Հատկանշական է, որ այդ օրը լրանում է Դոնալդ Թրամփի 80-ամյակը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահը մտադիր է Սպիտակ տան սահնամարգում խառը մենամարտերի (MMA) մրցաշար անցկացնել։
Ահմեդ աշ-Շարաան իշխանության է եկել 2024 թվականին Սիրիայի բազմամյա առաջնորդ Բաշար Ասադի տապալումից հետո։ Անցյալ տարվա նոյեմբերին նա արդեն հանդիպել էր Թրամփի հետ։ 1946 թվականին Սիրիայի անկախացումից ի վեր սա Սիրիայի պետության ղեկավարի առաջին նմանատիպ այցն է եղել ԱՄՆ։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր հայտնել է, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պատերազմի սկսվելուց ի վեր Վաշինգտոնը ճնշում է գործադրում Դամասկոսի վրա՝ պահանջելով ավելի ակտիվ գործողություններ ձեռնարկել Լիբանանում այդ շարժման դեմ, որի հետ Սիրիան երկար ու դժվար վերահսկելի սահման ունի։
Այդուհանդերձ, Սիրիայի հնարավոր միջամտությունը մնում է ծայրահեղ զգայուն հարց։ Ասադների կառավարման տարիներին Սիրիան «Հեզբոլլահի» գլխավոր դաշնակիցներից է եղել և տասնամյակներ շարունակ գերիշխող ազդեցություն է պահպանել Լիբանանում՝ 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմին միջամտելուց հետո։ Սիրիական զորքերն այդ երկրից դուրս են բերվել միայն 2005 թվականին։
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում «Հեզբոլլահն» ակտիվորեն աջակցել է Բաշար Ասադի կառավարությանը, ուստի Դամասկոսի ներկայիս իշխանությունները կտրուկ թշնամաբար են տրամադրված այս կազմակերպության նկատմամբ։



