Մենք հաշվետու ենք մեզ ու իրական ընդդիմադիրներ...

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից հետո օրակարգային թիվ մեկ հարցը շարունակում է մնալ մանդատները վերցնել–չվերցնելը: Տեղեկություններ կան, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանում» կողմ են վերցնելուն, հատկապես եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում անցնում է խորհրդարան։ «Հայաստան» դաշինքում ի՞նչ տրամադրություններ են, հարցրեցինք դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանին։

«Հասարակության մի մասին հուզող՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, բնականաբար, «Հայաստան» դաշինքում էլ է քննարկվում։ Խորհրդակցում ենք նաեւ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերների հետ։ Վերջնական արդյունքներից, «Բարգավաճ Հայաստանի» անցնել- չանցնելուց հետո, քաղաքական որոշումը կկայացվի` վստահ եղեք»,- խոստացավ Վարդանյանը: «Այն, ինչ ասում եմ, իմ անձնական կարծիքն է»։

Մանդատներից հրաժարվելու կոչ անողներին նա երեք խմբի է բաժանում։ «Առաջին խմբում մեր իսկական աջակիցներն են` խայտառակ ընտրություններից ինչ-որ տեղ հուսահատված, կտրուկ, էմոցիոնալ քայլ անելու ազնիվ կողմնակիցները։ Ամբողջովին հասկանում եմ նրանց։

Երկրորդ խումբը շեմը չհաղթահարածներն ու նրանց բացահայտ-թաքուն շահառուներն են՝ եթե երկու կամ երեք ուժերը խաղից դուրս գան, իրենք, իբրեւ թե, ինքնադրսեւորվելու, կայանալու, մեր տեղը գրավելու շանս կունենան։ Սին հույսեր:

Երրորդ խումբը նրանք են, ովքեր ամիսներ շարունակ ճղում էին իրենց, թե «Հայաստան» դաշինքը ութ տոկոսը չի հավաքելու, շեմը չի հաղթահարելու: Սրանց կասեմ՝ համարեք, որ ճիշտը դուք էիք` չենք անցել: Ձեզ ինչ, թե մենք ինչ կորոշենք: Ֆեյսբուք բերաններդ փակեք, լռեք, պապանձվեք, լալկվեք:

Մենք հաշվետու ենք առաջին խմբին եւ մեզ ու իրական ընդդիմադիրներին ընտրողներին։ Իմ անձնական տեսակետը պարզ է. չհամակերպվել, պայքարել, իրականում չընտրված Նիկոլին ու ՔՊ–ին հեռացնել։ Այսինքն՝ աշխատել»։