Հայաստանը կարող է գազ ներմուծել նաև Ադրբեջանից, Իրանից կամ Թուրքմենստանից․ Մեսրոպ Մեսրոպյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ եթե Հայաստանում ռուսական գազի գինը բարձրանա, ներկայիս սակագները կգործեն մինչև 2027 թվականի սկիզբը։
«Այլընտրանքները կան հարակից տարածքներում՝ Ադրբեջանից, Թուրքմենստանից կամ Իրանից։ Բոլոր այն հնարավոր երկրները, որոնք գազ են վաճառում և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք, բնականաբար կգնենք»,ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մեսրոպյանը։
Նա նշեց, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի մոտ 30-35 տոկոսը արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում, հետևաբար, եթե գազի գինը կթանկանա X դրամով կամ Y անգամ, ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա կլինի բացասական։
«Միայն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովվի 1990-ականների էներգետիկ ճգնաժամի ծանր պատկերն ունենալուց։ Կուտակիչ կայանների ներդրումները ևս կմեղմեն այս խնդիրները»,-հավելեց նա։



