«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին, առկա ճգնաժամային վիճակի լուծման հետ կապված, տարբեր փորձագիտական շրջանակներ և քաղաքական ուժեր խոսում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Արմատական ընդդիմությունն էլ գտնում է, որ արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են, բայց ոչ հիմա ու ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման պարագայում:
Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու, նրա հանձնարարությամբ, մի քանի «կարկառուն» ՔՊ-ականներ հանդիպումներ են անցկացնում թե՛ կուսակցության վերնախավի, թե՛ մարզպետների, թե՛ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե տեղերում ինչ վարկանիշ ունի իշխանությունը, ավելի կոնկրետ՝ Փաշինյանը:
Մեր տեղեկություններով, տրվել է կոնկրետ հանձնարարական՝ «ամեն դեպքում» պատրաստ լինել ցանկացած իրադարձության, այդ թվում՝ ընտրությունների:
Դրա համար պետք է աշխատեն ոչ միայն պետական կառույցների ղեկավարների, գործարար աշխարհի, այլև տեղի «հեղինակությունների» հետ, որոնք «մասնագիտացած» են ձայն բերելու հարցում։
Ի դեպ, երեկ օրվա վերջին կառավարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի հրաժարական ներկայացնել մինչև մարտի 23-ը (որոշ տեղեկություններով՝ այսօր կամ վաղը, եթե արտառոց որևէ իրադարձություն տեղի չունենա), և, ըստ այդմ, մայիսին անցկացնել արտահերթ ընտրություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



