Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի ու նրան չեն ձերբակալի որևէ շինծու գործով։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով կուսակցության գործադիր մարմնի անդամ Խաչիկ Գալստյանի ձերբակալմանը։
«Կարող եմ բոլորին հավաստիացնել, որ սա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի և չի կարող ունենալ։ Սա ահազանգ պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որովհետև սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա համապետական ընտրություններին մարդկանց շինծու գործերով կալանավորելու, ձերբակալելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը կասեցնելու կամ խաթարելու համար»։
Անդրադառնալով գործին, որի շրջանակում կալանքի են տարել Խաչիկ Գալստյանին՝ Վանեցյանը հավաստիացրեց, որ այն անգամ դատական վախճան չի ունենալու։ «Այսինքն, մեղադրական դատական ակտ չի կարող ունենալ այս գործը՝ անգամ այս իրավիճակում, երբ ապօրինաբար քրեական վարույթներ են հարուցվում, որովհետև չկա կատարված հանցագործություն։
Ընտրությունները ենթադրում են որոշակի մարդկանց ներգրավում՝ քարոզարշավի ժամանակ, եթե դա հանցանք է՝ ինչո՞ւ է հանցանք միայն ընդդիմադիր ուժերի համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր ղեկավարած կուսակցությունը որևէ լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել։
Մանրամասները՝ տեսանյութում։



