Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի խայտառակ ավարտից հետո Հայաստանում ամենահեշտ բանը դարձել է Նիկոլ Փաշինյանին մեղադրելը: Ըստ էության հիմա ցանկացած մարդ, անգամ նրանք, ովքեր երկար տարիներ անօրինականության և հայրենադավության աղբյուր են եղել, մեղադրանքներ են հնչեցնում Փաշինյանի հասցեին:
Հետպատերազմական այն ծանր հոգեբանական իրավիճակը, որում այսօր գտնվում է ժողովուրդը, եթե նկատի առնենք, ապա մեղադրել իհարկե կարելի է․ ավելին, մեղադրանքների պատճառները տեսանելի են, բայց հանուն արդարության պետք է արձանագրենք, որ պատերազմից արդեն հինգ-վեց ամիս է անցել, եւ արդեն ժամանակն է եկել հասկանալու՝ արդյո՞ք Փաշինյանը միակ մեղավորն է և արդյո՞ք բոլոր ներկա և նախկին պաշտոնյաները իրենց տեղում են եղել, լավ ու բարեխիղճ են աշխատել և միայն Փաշինյանն է թերացել ու պարտվել պատերզմում:
Նախկին իշխանությունները պնդում են, որ պատերազմում պարտվել ենք, քանի որ Փաշինյանը դավաճանել է Հայաստանին և եթե ինքը չլիներ, ապա հնարավոր կլիներ հաղթել: Եթե իրականում իրենք ճիշտ են, և Փաշինյանը մտադրված դավաճանել է Հայաստանին, ապա անհասկանալի է, թե այդ ընթացքում ինչո՞վ էին զբաղված պետական մյուս ինսիտուտները, զինվորականությունը: Եթե Հայստանում կար կայացած պետական համակարգ ու Փաշինյանը որոշել էր պարտվել պատերազմում, ապա առողջ պետական համակարգը շատ արագ նրան չեզոքացնելու(խոսքը ֆիզիկական չեզոքացման մասին չէ) ձևը կգտներ: Եթե 30-ամյա պետութան բոլոր ինիստուտները միասին վերցրած չեն կարողացել չեզոքացնել Փաշինյանին, ապա սա նշանակում է, որ այդ ինսիտուտները կայացած չեն եղել, իսկ չկայացած ինսիտուտներով պետությունը շատ հավանական է, որ կպարտվի պատերազմում:
Կարևոր է նաև նկատել, որ պատերազմի ընթացքում առանցքային պաշտոններ են զբաղեցրել գործիչներ, ովքեր իրենց բարձր դիրքերին հասել են նախկին իշխանությունների ժամանակ: Արցախի նախագահն օրինակ, տաս տարի շարունակ զբաղեցրել է Արցախի վարչապետի պաշտոնը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորական կոչման են արժանացել նախորդ իշխանությունների ժամանակ, պաշտպանության նախարարը նախորդ իշխանությունների ժամանակ եղել է նույն կառույցի փոխնախարար, ԱԳ նախարարը նախկին իշխանությունների ժամանակ եղել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, ԶՈՒ ԳՇ հրամանտարական ամբողջ կազմը ձևավորվել է նախորդ իշխանությունների ժամանակ: Ըստ էության, Փաշինյանի պարտությունը նաև այս գործիչների պարտությունն է, իսկ այս մարդիկ որպես պետական գործիչներ ձևավորվել են նախկին իշխանությունների շնորհիվ: Այսինքն՝ նախկին բոլոր իշխանությունները հենց նրանց մեջ են տեսել մեր պետության ապագան: Ավելի պարզ ասած՝ նախկին իշխանությունները ճանապարհ են բացել գործիչների համար, ովքեր առավել կամ նվազ չափով մասնակից են այսօրվա պարտությանը, հետևաբար նրանք ևս տեր են այս պարտությանը:
Մեծապես հենց սա է պատճառը, որ հանրությունը շատ դեպքերում անհաղորդ է մնում այն քաղաքական տեքստերին, որոնք հնչում են Երևանի հրապարակներում: Որպեսզի մարդիկ իրապես հաղորդակից լինեն կատարվող իրադարձություններին, ապա պետք է տեսնեն անկեղծություն: Իսկ անկեղծություն այս դեպքում կլինի այն, որ պատասխանատու պաշտոն զբաղեցրած ցանկացած նախկին պաշտոյա, որ հիմա ընդիմադրի դիրքերից է հանդես գալիս, հրապարակային խոսի իր մեղքի բաժնի մասին: Փորձի հանրությանը բացատրել, թե ի՞նչ չի արել, կամ ի՞նչն այնպես չի արել, որ իրավիճակն այնպիսի ողբերգական ու խայտառակ ընթացք ստացավ, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այս պարագայում մենք կտեսնենք այլ որակի քաղաքակն իրականություն: Իսկ քանի չկա այս անկեղծությունը, ապա սպասել իշխանություններից անկեղծություն միամտություն կլինի:
Ի վերջո, Փաշինյանն էլ լավ գիտակցում է, որ հնարավոր բոլոր մեղադրողների համար ինքը դարձել է պատկերավոր ասած՝ ոստիկանների ձեռքն ընկած մի «մարդասպան», ում վրա փորձում են «կարել» նաեւ այլ հանցագործություններ, որոնց հետ ինքն առնվանզ չէր կարող կապ ունենալ, որովհետեւ ժամանակագրորեն այդ ընթացքում նա որոշում կայացնողների շրջանակում չէր առհասարակ։ Բնական է, որ այս պարագայում ինքն էլ հանուն ինքնապաշտպանության, փորձելու է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից ու դրա համար ամենատարբեր հնարքնների դիմել: Իհարկե այս պահվածքն էլ անընդունելի է, բայց դրդապատճառներն ինչպես տեսաք հասկանալի են: