Արաղչին Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է...

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հերքել է իբր իրանական հրթիռների արձակումը Թուրքիայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, Արաղչին լիովին անհիմն է անվանել որոշ աղբյուրների հաղորդումները Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին և զգուշացրել է տարածաշրջանում խաղաղության ու բարեկամության թշնամիների կողմից «կեղծ դրոշի ներքո» գործողությունների կրկնության մասին։

Արաղչին նշել է, որ Թեհրանը պատրաստ է Անկարայի հետ համատեղ հետաքննություն անցկացնել Թուրքիայի ուղղությամբ հրթիռների հնարավոր արձակման վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է բարիդրացիության սկզբունքին, Թուրքիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմանը և պատրաստ է համատեղ տեխնիկական համագործակցության՝ ցանկացած հնարավոր հավակնություն ստուգելու համար»,- ասել է դիվանագետը։

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել բոլոր երկրներին դատապարտել ագրեսորների հանցագործությունները, հատկապես հարձակումները Իրանի դպրոցների, համալսարանների, գիտական կենտրոնների, պատմամշակութային օբյեկտների, արտադրական և էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև բնակելի տարածքների վրա։