Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակցել են Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը։
Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունը, քննարկումը նվիրված էր «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված եզրափակիչ դիտարկումների իրականացման կատարողականին։
Քննարկման ընթացքում Լաուրա Գասպարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունված եզրափակիչ դիտարկումներին առնչվող՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում մշտադիտարկման արդյունքները, որոնք արտացոլվել են նաև 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում։



