Փաշինյանը ԿԳԲ-ի գործակալ է․ ինչ է հուշում Արտ...

2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քայլ առ քայլ հայ հասարակության մեջ ակտիվացրել է հակառուսականությունը։ Վերջին մեկ-երկու տարիներին դոզան այնքան են բարձրացրել, որ բանը հասել է Ռուսաստանին արդեն թշնամի դիտարկելու գործին։

Իշխանական քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով՝ ՔՊ-ականների կամ սատելիտների բերանով, պնդում է, թե Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Հայաստանի պետականությունը, Ռուսաստանը թշնամական պետություն է, Ռուսաստանը հանձնել է Արցախը, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, Ռուսաստանը իր գործակալների միջոցով ցանկանում է վերցնել իշխանությունը Հայաստանում։

Բանը հասել է նրան, որ բոլոր այն ուժերը, ովքեր դեմ չեն Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններին, հռչակվում են գործակալներ, և նրանց դեմ ակտիվ պայքար է տարվում։ Փաշինյանը անգամ ԵԽԽՎ ամբիոնից խոսեց ռուսամետ ու բելառուսամետ ուժերի մասին։ Այս կոնտեքստում թիրախում են Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի գլխավորած ուժերը։

Փաշինյանն ու իր իշխանությունը Ռուսաստանի գործակալներ են տեսնում նաև եկեղեցու առաջնորդների շարքերում և նրանց անվանում են ԿԳԲ-ի գործակալներ։

Այս ամենի ֆոնին, շաբաթներ առաջ, այսպես կոչված Արտաքին հետախուզական ծառայությունը հրապարակեց զեկույց, ըստ որի՝ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

Ճիշտ է՝ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը պետության անուն չէր գրել, բայց ՔՊ-ականները շատ ուղիղ հայտարարեցին, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է։

Այս ամենից հետո ՔՊ-ական իշխանությանը հավատացող ցանկացած մեկը Ռուսաստանին պետք է պատկերացնի որպես Հայաստանի գլխավոր ախոյան, պետություն, որից պետք է հեռու փախնել (այս ուժի արևմտյան տերերը հենց այս նպատակն էլ ունեն)։

Սակայն Նիկոլ Փաշինյանը զանգահարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես ինքն է ընդունում՝ հանդիպում խնդրում, և ապրիլի 1-ին՝ իր մասնագիտական տոնի օրը, գնալու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահին։

Սա էլ բավարար չէ. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։

ՔՊ-ի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից և Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից հետո միայն ԿԳԲ-ի գործակալը կարող էր այդ երկիրը անվանել բարեկամ։

Ստացվում է՝ իր այդ հայտարարությամբ Փաշինյանը առիթ է տալիս կարծելու, որ ինքը ԿԳԲ-ի գործակալ է։ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը՝ վկա։