Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել՝ պա...

Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատից ոչ հեռու գտնվող Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը երկրում շարունակվող կենսապահովման ծախսերի թանկացման դեմ բողոքի ցույցերի ֆոնին, որոնց ընթացքում անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանները մշտապես ներգրավվում են։ Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանության CRS 8 հատուկ ստորաբաժանումը, որը նախատեսված է անկարգությունները ճնշելու համար, ամբողջ կազմով ծառայության չի դուրս եկել համազգային ցույցերի օրը՝ նոյեմբերի 17-ին։

Իրավապահները՝ քաղաքացիական հագուստով, նախարարության մոտ են հավաքվել ոստիկանության Alliance Police Nationale արհմիության կոչով։ Ոստիկանները պահանջում են բարձրացնել ռիսկի համար նախատեսված հավելավճարները, որի չափը նույնն է մնում արդեն մի քանի տարի։

Ֆրանսիայում բողոքի ցույցերն սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դպրոցների աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Ավելի ուշ նրանց են միացել երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են այլ տարածաշրջաններում։

Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային ցույցն է եղել։ ՆԳՆ-ի տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 000 մարդ։ Ֆրանսիայի իրավապահները բողոքի մասնակիցների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։