Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը երկարաժամկետ բանտարկություն է կրում Վլադիմիրի շրջանի թիվ 6 ուղղիչ գաղութում, հարյուր օր անընդմեջ ամեն երեկո լսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նույն ելույթը՝ նախագահի փետրվարյան ուղերձը Դաշնային ժողովին։ Այս մասին ընդդիմադիրի անունից հաղորդագրություն է հայտնվել երկուշաբթի օրը նրա սոցիալական ցանցերում։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Նավալնին դատարան է դիմել՝ պահանջելով բացատրել, թե ինչ հիմքով է ստիպված լսել Պուտինի ուղերձը, այլ ոչ թե ռադիո։ Դատարանում դա պատճառաբանվել է «դաստիարակչական աշխատանքի ցուցումներով», գրում է svoboda.org-ը։
Թիվ 6 ուղղիչ գաղութի տեղեկանքում նշվում է, որ Պուտինի ուղերձը ներառված է «դատապարտյալների շրջանում օրինապաշտ վարքագիծ, անձի, հասարակության, աշխատանքի, մարդկային վարքագծի նորմերի և կանոնների նկատմամբ հարգանք ձևավորելու նպատակով»։