Հյուսիսատլանտյան դաշինքը կուժեղացնի ռազմական օգնությունն Ուկրաինային ռուսական խոշոր գրոհից հետո։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։ «Ռուսական վերջին գրոհից հետո դաշինքի անդամները հաստատել են, որ կուժեղացնեն ռազմական օգնությունն Ուկրաինային»,- նրա խոսքերը մեջբերել է ՆԱՏՕ մամուլի ծառայությունը։
Ուկրաինա-ՆԱՏՕ նիստի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ռազմական դաշինքը պետք է այսուհետ եւս Կիեւին սարքավորումներ եւ զինամթերքներ մատակարարի, որոնք անհրաժեշտ են ռուսական հարվածներից պաշտպանվելու համար, քանի որ «դա կենսականորեն կարեւոր է պայքարը շարունակելու Ուկրաինայի կարողության համար»։
Ուկրաինա-ՆԱՏՕ նիստը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին Կիեւի խնդրանքով՝ ՌԴ զանգվածային գրոհի հետ կապված։ Օգոստոսի 26-ին Ուկրաինան ենթարկվել է քաղաքացիական ենթակառուցվածքին հասցված ամենահզոր ռուսական հրթիռային հարվածին պատերազմի ողջ ընթացքում։ Գնդակոծման հետեւանքով վնասվել են էներգետիկ օբյեկտներ եւ բնակելի տներ։ Վարչապետ Դենիս Շմիգալի խոսքով՝ գրոհից տուժել է 15 մարզ։ Ուկրաինական օդուժի տվյալներով՝ Ռուսաստանն ուկրաինական տարածքի դեմ արձակել է 236 օդային հարձակման միջոց, ՀՕՊ-ը ոչնչացրել է 102 հրթիռ եւ 99 հարվածային դրոն։
Օգոստոսի 27-ի գիշերը ռուսական բանակը նորից է հարվածել Ուկրաինային 10 տարբեր տեսակի հրթիռներով եւ 81 հարվածային դրոններով, հինգ թեւավոր հրթիռներ եւ 60 անօդաչուներ հաջողվել է խփել։
Դրանից հետո եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նորից կոչ է արել հանել արեւմտյան զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները ՌԴ տարածքում ռազմական օբյեկտներին խփելու համար։